Պարզվում է հսկիչ գնում իրականացնողը հարկային տեսուչ չէր

«Կոմպթաուն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության թիվ 2104184 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին:

«Կոմպթաուն» ՍՊԸ-ն, դիմելով Դատարան, հայտնել է, որ 22.06.2011 ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի թիվ 2203777 հանձնարարագրի համաձայն` Մյասնիկյանի ՀՏ աշխատակիցներին հանձնարարվել է «Կոմպթաուն» ՄՊԸ-ում կատարել հսկիչ գնում։ 23.06.2011թ. կազմվել է հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ թիվ 2203777 արձանագրությունը, որում, մասնավորապես նշվել է, որ «կատարվեց հսկիչ գնում պատճենահանում 100 դրամի չափով, որի գումարը մուտքագրվեց ՀԴՄ և համապատասխան գումարի կտրոն տրամադրվեց, այնուհետև կատարվեց հսկիչ գնում 40 դրամի 2 հատ պոլիէթիլենային թղթապանակ /ֆայլ/, որի գումարը աշխատակցուհի Լ.Հարությունյանի կողմից չմուտքագրվեց և համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չտրամադրվեց։ 25.06.2011թ. վերը նշված արձանագրությունը կից գրությամբ փոստով ուղարկվել է հասցեատիրոջը՝ արձանագրությունը ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց հրաժարվելու պատճառաբանությամբ։
Համաձայն Մյասնիկյանի ՀՏ պետի թիվ 2104184 հանձնարարագրի` 28.06.2011թ. ՍՊԸ-ում հանձնարարվել է կատարել ՀԴՄ կիրառման ճշտության ստուգում։ 30.06.2011թ. կազմվել է թիվ 2104184 ստուգման ակտը, որում նշվել է, որ կատարված հսկիչ գնման արդյունքում տնտեսվարողի կողմից խախտվել է Կառավարության թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի պահանջները, որով առաջադրվել է 150.000 դրամ տուգանք։ Ակտի հիմքում դրված է թիվ 2203777 հսկիչ գնման արձանագրությունը։

Դատարանի եզրակացմամբ՝ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվորը հայցադիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 23.06.2011թվականին «Կոպմթաուն» ՍՊԸ-ի գործունեության հասցեում կատարվել է հսկիչ գնում ոչ թե հարկային տեսուչների կողմից, այլ կատարվել է այլ անձի կողմից, որը նշված չի եղել հսկիչ գնման հանձնարարագրում և գնման արդյունքում տրամադրվել է ՀԴՄ կտրոն, այսինքն բացակայում է խախտման փաստը։

Դատարանը գտնում է, որ Պատասխանող ՀՀ ԿԱ ՊԵ կոմիտեի կողմից չապացուցվեց հսկիչ գնումը` հանձնարարագրում նշված տեսուչների կողմից իրականացնելու, ակտում նշված գնումը կատարված լինելու, ինչպես նաև գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրված չլինելու և հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրված չլինելու փաստերը, ինչը բավարար է Դատարանի համար գալու այն եզրահանգման, որ Հայցվորի կողմից խախտումը չի կատարվել, որը Դատարանը հաստատված է համարում։

Ուստի դատարանը վճռեց «Կոմպթաուն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության 30.06.2011 թվականի թիվ 2104184 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, բավարարել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել