ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ՝ տիկին Ուրսուլա Գաչեկի գլխավորած պատվիրակությանը, որ մարտի 20-23 այցելել է Հայաստան` ՀՀ իրավասու գերատեսչությունների հետ քննարկելու Եվրախորհրդի առջև ստանձնած հատուկ պարտավորությունների կատարման ընթացքը:
Արդարադատության նախարարության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` հյուրերի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախ ներակայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նախարարի փոխանցմամբ, որ թեև ստանձնած պարտավորությունները հիմնականում կատարվել են, անելիքներ, այդուամենայնիվ, կան: Հրայր Թովմասյանը ներկայացրեց ինչպես առկա խնդիրներն ու դրանց լուծման համար կատարված և ընթացքիկ աշխատանքները, այնպես էլ դրական տեղաշարժերը:
Մասնավորապես, որպես դրական տեղաշարժ, նախարարը նշեց, որ խոսքի, հավաքների ազատության առումով նախկինում եղած խնդիրներն ամբողջությամբ լուծվել են: Ընդլայնվել են Ազգային ժողովում քաղաքական փոքրամասնությունների իրավունքները:
Այդուհանդերձ, արդարադատության համակարգում դեռևս կան խնդիրներ, որոնց լուծումը և 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, նախարար Հրայր Թովմասյանի հավաստմամբ, անճանաչելի կդարձնեն դատական համակարգը, զգալիորեն կբարձրանա պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը, կվերանան բյուրոկրատական քաշքշուկները:
Պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաչեկի խնդրանքով Արդարադատության նախարարը ներկայացրեց նաև քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակը, գերբեռնվածության պատճառները, խնդիրը լուծելու ուղղությամբ կատարվող աշխատանքները: Հայաստանում դեռևս գործում են խորհրդային տարիներին բնորոշ «կազարմային» տիպի քրեակատարողական հիմնարկներ: «Այս տարեվերջին շահագործման կհանձնվի առաջին անգամ նորանկախ Հայաստանում կառուցված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը: Նախատեսված է, որ 2014-ի հունվարից կգործի պրոբացիոն ծառայությունը, նույն ժամկետում ուժի մեջ կմտնի քրեական դատավարության մասին նոր օրենսգիրքը» – ասաց Հրայր Թովմասյանն ընդգծելով, որ այս բոլոր քայլերը միտված են լուծելու քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին պատվիրակության անդամների բոլոր հարցերին, ինչի համար նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին:
Լուսանկարը` moj.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net