Ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6/3 հասցեում գտնվող 610,0քմ մակերեսով հողամասի և 383,4քմ մակերեսով տնտեսական մասնաշենքի նկատմամբ 27.10.2005թ. գրանցվել է «Նորդ Այլնդ» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքը և տրամադրվել է թիվ 2037352 սեփականության իրավունքի գրանցման վկայականը։
Վերը նշված գույքը 03.12.2009թ. թիվ 8463 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն անորոշ ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրված է «Նորդ Ավենյու» ՍՊ ընկերությանը։
Դիմելով դատարան հայցվոր կողմը խնդրել է Հյուսիսային պողոտա 6 շենքի սպասարկման համար նախատեսված հողամասի /բակի/ և Հյուսիսային պողոտա 6 շենքի սպասարկման համար` բակում /հողամասում/ կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլնդ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել և որպես հետևանք` դրանք /բակը, կաթսայատունը/ և Հյուսիսային պողոտա 6 շենքի սպասարկման համար` բակում /հողամասում/ կառուցված կաթսայատան բոլոր սարքավորումները /հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումները/ Հյուսիսային պողոտա 6 շենքի շինությունների սեփականատերերի բաժնային սեփականություն ճանաչել։
Տվյալ գործով հայցի հիմնական առարկան հանդիսանում է Հյուսիսային պողոտա թիվ 6 բազմաբնակարան շենքի բակում գտնվող կաթսայատունը, դրա բոլոր սարքավորումներն ու դրանով զբաղեցված հողատարածքը և հայցվորը նշելով պատասխանող ընկերությունների կողմից իրականացվող գործունեության և բազմաբնակարան շենքի սեփականատերերին մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների և դրանց դիմաց սահմանված համապատասխան վճարների մասին, դիրքորոշում է հայտնել, որ դրանք չեն բխում սեփականատերերի շահերից և հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ և պահանջել է քննարկվող անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել և որպես հետևանք դրանց նկատմամբ ճանաչել Հյուսիսային պողոտա 6 շենքի շինությունների սեփականատերերի բաժնային սեփականությունը։
Դատարանը գտել է, որ հայցադիմումում հիմնավորված չէ այն հանգամանքը, թե վեճի առարկա դարձած կաթսայատունը և դրա զբաղեցրած հողամասը որ իրավանորմի ուժով են ենթակա ճանաչման բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային սեփականությունը, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է այդ հիմքերը:
Հաշվի առնելով վերը նշվածը` դատարանը հայցը մերժել է:
Աղբյուրը` Իրավաբան.net