Արարատի մարզի բնակիչ, նախկինում դատված, դատվածությունը մարված Աբգար Շադոյանին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսին հեռախոսազանգի միջոցով ծանոթացել է Անի Թորոսյանի հետ, ներկայացել որպես կանադահայ բժիշկ Տաթև Եպիսկոպոսյան և խոսել արևմտահայերենով:
Մի քանի հեռախոսազանգերի ընթացքում Աբգար Շադոյանը մտերմացել է Անի Թորոսյանի հետ և, օգտվելով վերջինիս լավ վերաբերմունքից, 2012թ. օգոստոսի 1-ին Երևանի Ա.Մանուկյան փողոցում նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, վերադարձնելու պայմանով Ա.Թորոսյանից հափշտակել է 163000 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60000 ՀՀ դրամ:
Բացի այդ, նա 2012թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 28/2 շենքի բակում, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է` էլեկտրահարող սարքի գործադրմամբ ավազակային հարձակում է գործել իր ծանոթ Արա Ավետյանի նկատմամբ և պահանջել նրա մոտ եղած խոշոր չափերի` 1625000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և առաջացած փոխադարձ քաշքշուկի ընթացքում Ա.Ավետյանը ստացել է աջ դաստակի, աջ արմնկահոդի շրջանների քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասցածքներ և դիմել փախուստի:
Աբգար Շադոյանը կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net