Կոռուպցիոն դեպք անշարժ գույքի պետական կոմիտեի կադաստրում. Հարուցվել է քրեական գործ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ժիրայր Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել ծառայողական պարտականությունները՝ պաշտոնական փաստաթղթերում անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում ակնհայտ կեղծ տեղեկատվություններ, այլ ամսաթվով գրառումներ կատարել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով լրամշակվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, որում կոռուպցիոն հանցագործություն է հանդիսանում նաև Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել