Միությունները և դրանց նշանակությունը

Առևտրային կազմակերպությունները, իրենց ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով, կարող են ստեղծել միություններ:

Եթե մասնակիցների որոշմամբ միությանն իրավունք է վերապահվել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդպիսի միությունը, Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվում է տնտեսական ընկերակցության կամ ընկերության, կա´մ կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություն, կա´մ լինել նման ընկերության մասնակից:

Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով կարող են ստեղծել միություններ:

Միության մասնակիցները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Հիմնադիրների (մասնակիցների) կողմից միությանը հանձնված գույքը միության սեփականությունն է: Միությունն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

Միությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Միության մասնակիցները կանոնադրությամբ սահմանված չափով և կարգով սուբսիդիար պատասխանատվություն են կրում միության պարտավորությունների համար:

Միության անվանումը պետք է նշում պարունակի նրա մասնակիցների գործունեության հիմնական առարկայի մասին, ինչպես նաև ներառի «միություն» բառը:

Միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

Միությունների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:

Միության կանոնադրությունը, բացի ընդհանուր տեղեկություններից (իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը), պետք է պայմաններ պարունակի միության անդամների վճարումների չափի, դրանց կազմի և վճարելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության, միության կառավարման մարմինների կազմի ու իրավասության, նրանց կողմից որոշումների ընդունման կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ միության մասնակիցների ձայների որակյալ մեծամասնությամբ, միության լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին:

Միության մասնակիցներն իրավունք ունեն անհատույց օգտվել նրա ծառայություններից, եթե այլ բան նախատեսված չէ նրա կանոնադրությամբ:
Միության մասնակիցն իրավունք ունի ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ միությունից: Այդ դեպքում, նա, դուրս գալու օրվանից մեկ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում միության պարտավորությունների համար, եթե այլ ժամկետ նախատեսված չէ միության կանոնադրությամբ:

Միության մասնակիցը կարող է հեռացվել միությունից` մնացած մասնակիցների որոշմամբ, միության կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով: Միությունից հեռացված մասնակցի նկատմամբ կիրառվում են միությունից դուրս գալուն վերաբերող կանոնները:

Միության մասնակիցների համաձայնությամբ նրանում կարող է ընդգրկվել նոր մասնակից: Միության կազմում նոր մասնակցի ընդգրկվելը կարող է պայմանավորվել միության` մինչ այդ ծագած պարտավորությունների համար նրա սուբսիդիար պատասխանատվությամբ:

Միջազգային պրակտիկայում հանդիպում են իրավաբանական անձանց միությունների հետևյալ տեսակները` կոնգլոմերատներ, կոնսորցիումներ, սինդիկատներ, տրեստներ, ասոցիացիաներ, հոլդինգներ և այլն: Նշվածներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և ստեղծման նպատակը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել