Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:
Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:
Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:
Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Դիմումում պետք է նշվեն`
1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետևանքները.
2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները.
3) անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետևանք է:
Վերը նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:
Դատավորը, բացակայողի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի և աշխատավայրի համապատասխան կազմակերպություններին, ինչպես նաև որոշում է կայացնում` դիմողի հաշվին հաղորդագրություն հրապարակել մամուլում` քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության և հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայող քաղաքացու գույքի պահպանության համար:
Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում:
Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում:
Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:
Աղբյուրը` Իրավաբան.net