ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Կարեն Շահազիզյանի ընդդեմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վ.Մարգարյանի` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2010թ. օգոստոսի 2-ի ատեստավորման արդյունքներն իր մասով չեղյալ ճանաչելու պահանջի մասին։
Կարեն Շահազիզյանը մինչև 11.08.2010 թվականը զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետի պաշտոնը։ 30.07.2010 թվականին Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները ատեստավորվել են։ Հայցվորի ատեստավորումը կազմակերպվել է թեստավորման և հարցազրույցի կարգով։ Հայցվորը դրական է հանձնել թեստավորման փուլը։ Ինչ վերաբերում է հարցազրույցի փուլին, ապա ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կարծիքով հայցվորը տվել է հինգ ճիշտ և հինգ սխալ պատասխան (ըստ Հանձնաժողովի թիվ 4/6 արձանագրության)։ Ատեստավորման արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թիվ 2 որոշումը, որի համաձայն` հայցվորը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը 11.08.2010 թվականի թիվ 166-Ա հրամանով հայցվորին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Հայցվորը` որպես իր պնդումների հիմք, վկայակոչում է այն փաստը, որ Խորհուրդը հայցվորի կողմից ատեստավորման ընթացքում տրված պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը կարող է պարզել ձայնագրությունն ուսումնասիրելու արդյունքում։ Մինչդեռ, ձայնագրություն հայցվորի մասով գոյություն չունի, քանի որ անսարք է եղել ձայնագրիչը։ Հետևաբար` իր համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա է Խորհուրդը եկել այն եզրակացության, որ հայցվորը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
Դատարանի եզրահանգմամբ՝ թե հանձնաժողովը և թե Խորհուրդը գործել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, հետևաբար անհիմն է հայվորի այն պնդումը, որ Խորհրդի որոշումը կամայականության դրսևորում է: Դատարանը գտել է, որ սույն գործում առկա թիվ 4/6 արձանագրությունից միանշանակ պարզ է, թե հարցազրույցն ինչ կերպ է անցկացվել, հայցվորին ինչպիսի հարցեր են տրվել, տրված հարցերից յուրաքանչյուրին հայցվորն ինչպիսի պատասխան է հնչեցրել և տրված պատասխաններն ինչպիսի գնահատականի են արժանացել։ Հարցազրույցի ընթացքում Կ. Շահազիզյանին տրվել է տասը հարց, որոնցից հինգին տվել է սխալ, իսկ հինգին` ճիշտ պատասխան։
Կ. Շահազիզյանի հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվել է քվեարկություն` Ատեստավորման հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով։
Ատեստավորման հանձնաժողովը Կ. Շահազիզյանի հետ անցկացված հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովը քվեարկել է մեկ կողմ, երեք դեմ, որից հետո Կ. Շահազիզյանի մասով ընդունվել է «չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը։
ՀՀ վարչական դատարանի եզրահանգմամբ՝ Ատեստավորման Հանձնաժողովի 30.07.2010 թվականի թիվ 2 որոշումը` Կարեն Լիպարիտի Շահազիզյանի մասով, ՀՀ քաղաքացիական ծառայության Խորհրդի 02.08.2010 թվականի թիվ 596-Ա որոշումը, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 11.08.2010 թվականի թիվ 166-Ա հրամանն անվավեր ճանաչելու Հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ։
Աղբյուրը` Իրավաբան.net