Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար ու բարեկիրթ։ Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, վկաների, այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի անձնակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում։ Դատավորը նման վարքագիծ պետք է պահանջի նաև դատավարության մասնակից բոլոր անձանցից։
Արժանապատվությունը սեփական հատկությունների, կարողությունների, ունակությունների, աշխարհայացքի, հասարակական արժեքավորության ինքնագնահատականն է։ Արժանապատիվ լինելու կանոնի պահանջը, այսպիսով, նշանակում է, որ դատավորը պետք է գործի իր պարտականությունների կարևորության գիտակցությամբ, այնպես, որ այդ կարևորությունն ընկալվի նաև հասարակության կողմից։ Դատավորը պետք է գիտակցի, որ ինքն օժտված է արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ, որ որևէ այլ պաշտոնատար անձ չի կարող հանդես գալ իբրև դատական իշխանության կրող և լուծել դատարանի իրավասությանը ենթակա գործերը։ Իր վարքագծով դատավորը հասարակության մոտ պետք է համոզմունք ձևավորի, որ կողմերը դատարանում հասնելու են արդարության։
Կողմերը կամ դատական գործընթացի մյուս մասնակիցները հաճախ չեն կողմնորոշվում, թե որ փաստերն ու իրադարձություններն են կարևոր գործի լուծման համար, և կարող են բացատրություն, ցուցմունք տալ կամ ճառով հանդես գալ երկար, խոսել գործի հետ չկապված կամ դրա լուծման համար էական նշանակություն չունեցող հանգամանքների մասին։ Նման դեպքերում մեծ է գայթակղությունն անմիջապես ընդհատելու ելույթ ունեցողին։ Սակայն նման վարքագիծն անհարիր է դատավորին, քանի որ դա նախ` կողմի մոտ կարող է ստեղծել տպավորություն, թե դատավորը չի ցանկանում տիրապետել գործի մանրամասներին, կողմնակալ է և գործի ելքով շահագրգռված, և երկրորդ` ելույթ ունեցողին անմիջապես և հաճախակի ընդհատելը կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք է, որը խարխլում է դատավորի նկատմամբ հարգանքը։ Եթե դատավորը քաղաքավարի է, հարգալից և համբերատար, ապա ավելի հավանական է, որ վիճող կողմերը վստահություն կունենան նրա որոշման արդարացիության, անաչառության նկատմամբ, այդ իսկ պատճառով քննարկվող կանոնը դատավորից պահանջում է լինել համբերատար և բարեկիրթ։
Դա, իհարկե, չի նշանակում, թե դատավորը չպետք է պատշաճ կերպով կատարի դատական նիստը նախագահողի իր պարտականությունները և թույլ տա, որ դատական նիստը վերածվի գործի հետ առնչություն չունեցող հանգամանքների քննարկման, սակայն դիտողություններ կատարելու, անձանց խոսքն ընդհատելու, այլ կարգադրիչ գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում դատավորը պետք է գործի հնարավորինս նրբանկատ, չդրսևորի զայրացկոտություն, տաքարյունություն և կոպիտ վերաբերմունք:
Աղբյուրը` Իրավաբան.net