Ընդդիմադիր լինելու պատճառով հեռացրե՞լ են աշխատանքից

Արմեն Հովհաննիսյանը 2012թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` ՀՀ Լոռու մարզպետարանի` խնդրելով պարտավորեցնել Մարզպետարանին, որպես գործատուի ընդունել վարչական ակտ, որով անվավեր ճանաչել իր վերադաս վարչական մարմնի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության վարչական ակտով արդեն իսկ անվավեր ճանաչված Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 08.09.2011թ. թիվ 226 հրամանը:

Արմեն Հովհաննիսյանը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ 07.07.2006թ.-ից աշխատել է Մարզպետարանում, որպես աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 11.03.2008թ. թիվ 44 հրամանով (քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ թույլ տալու համար) ազատվել է աշխատանքից, որից հետո դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 11.03.2008թ. թիվ 44 հրամանն ամբողջությամբ վերացնել:

ՀՀ վարչական դատարանը 19.06.2009թ. վճռել է. «… Անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2008թ. մարտի 11-ի թիվ 44 հրամանը: Արմեն Հովհաննիսյանին չվերականգնել իր պաշտոնում` հաշվի առնելով հաստիքի կրճատման պատճառով գործատուի և աշխատողի միջև հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը: …»: Մարզպետարանի պատճառաբանությամբ՝ «… Ա. Հովհաննիսյանը ս/թ փետրվարի 1-ից մինչև մարտի 4-ը եղել է արձակուրդի մեջ, որի սկզբում մասնակցել է նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին, իսկ հետագայում նաև ակտիվ մասնակցություն է ունեցել նախագահական ընտրություններին, որը չի ժխտել նաև ինքը` հայտնելով, որ եղել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Բնական է, որ կուսակցության ներկայացուցիչը (տվյալ դեպքում ՀՀՇ) չէր կարող դրսևորել քաղաքական զսպվածություն, չքարոզել կուսակցության դիրքորոշումը, չներկայացնել կուսակցության շահերը կամ քաղաքական գործունեություն չիրականացնել այդ ուղղությամբ…»:

Դատարանը անվավեր է ճանաչել Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 11.03.2008թ. թիվ 44 հրամանը` մասնավորապես նշելով. «… Դատարանը սույն գործով առկա փաստական հանգամանքների և իրավական հիմքերի հետազոտման հիման վրա եզրակացնում է, որ ըստ էության հայցվորին աշխատանքից ազատելու մասին ակտի կայացման հիմքում դրվել են այնպիսի իրավական հիմքեր, որոնք սույն գործով դատարանին ներկայացված փաստերով չեն հաստատվում: Ավելին, պատասխանողը ընդամենը ներկայացնում է ենթադրություններ, որ հանրահավաքներին, քարոզչությանը մասնակցելով հայցվորն իրականացրել է քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել է կուսակցության, շահերի համար, նրա նկատմամբ վերաբերմունք է քարոզել:…»:

Այնուհետև, իր աշխատանքային գրքույկն օրենքով սահմանված կարգով լրացնելու օրինական պահանջով Հայցվորը դիմել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանն իր` 06.08.2011թ. թիվ ՎԴ6/0037/05/11 վճռով իր հայցը բավարարել է:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 08.09.2011թ. թիվ 226 հրամանով` Արմեն Հովհաննիսյանի և Մարզպետարանի աշխատակազմի միջև աշխատանքային հարաբերությունների լուծման հիմք է համարվել«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետը` հաստիքի կրճատում և հանձնարարվել է Մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին` նույն վարչական ակտի հիման վրա համապատասխան տեղեկությունները լրացնել Արմեն Հովհաննիսյանի աշխատանքային գրքույկում և եռօրյա ժամկետում վարչական ակտի կրկնօրինակը հանձնել Արմեն Հովհաննիսյանին:

Դատարանի եզրահանգմամբ՝ Հայցվորի նշած փաստերը նշանակություն չունեն սույն գործի լուծման համար և չեն գնահատում Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 08.09.2011թ. թիվ 226 հրամանի իրավաչափությունը, քանի որ սույն վարչական գործով հայցվորը դատարանին վիճարկման կամ ճանաչման հայց չի ներկայացրել, այն է` հայցվորը դատարանին չի խնդրել անվավեր կամ առ ոչինչ ճանաչել նշված որոշումը:

Ուստի դատարանը վճռեց Արմեն Հովհաննիսյանի հայցն ընդդեմ` ՀՀ Լոռու մարզպետարանի` «Վարչական ակտ ընդունելու պարտավորեցման պահանջի մասին», մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը մերժեց:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել