Կարեն Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության, որով խնդրել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 08.12.2011 թվականի թիվ ԱԳ 769145 որոշումը։
Կարեն Գասպարյանը և նրա ներկայացուցիչները, դատարան ներկայացրած հայցադիմումով և գործի քննության ժամանակ, հայտնել են, որ 08.12.2011 թվականին Հայցվորին կանգնեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը և վերագրել խախտում` իբր «Կանգառ է կատարել ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի տեղում» և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի համաձայն` տուգանել 20.000 ՀՀ դրամի չափով։ Չհամաձայնվելով տեսուչի կազմած արձանագրության բովանդակության հետ` գրառել է իր անհամաձայնությունը, նշելով, որ կարիք ունի օգտվելու փաստաբանի օգնությունից։ Սակայն տեսուչը, հաշվի չառնելով իր գրավոր պահանջը, տեղում կայացրել է թիվ ԱԳ769145 որոշումը։
Հայցվոր Կարեն Գասպարյանը դատաքննության ժամանակ հարցաքննվել է որպես վկա և դատարանին տված ցուցմունքով հայտնել է, որ Ծառայության տեսուչները պահանջել են ստորագրել արձանագրությունը, սակայն ինքը պատասխանել է, ոչ չի ստորագրի այն։ Մեքենան կանգնեցվել է Երևանի պետական համալսարանի մոտ` դեպի մետրոյի կողմ, որտեղ կանգառ չկա։ Պահանջել է, որ իրեն ցույց տան խախտման փաստի վերաբերյալ ապացույց, տեսուչները պատասխանել են, որ պարտավոր չեն, ինքն էլ պատասխանել է, որ պարտավոր չէ ստորագրել արձանագրությունը։ Իր փաստաբանի հետ խոսել է հեռախոսով և վերջինս իրեն ասել է, թե ինչ գրի, ինքն էլ գրել է։ Երկու անգամ է զանգահարել փաստաբանին։ Տեսուչներին չի հայտնել, թե հրաժարվում է փաստաբանից։ Տեսուչները չեն իմացել, փաստաբանի հետ է ինքը խոսում, թե ոչ։ Շուրջ 40 րոպե տեսուչների հետ վիճել է ստորագրելու հարցում։
Դատարանի պատճառաբանությամբ՝ Վարչական մարմինը՝ բավարար համարելով միայն հեռախոսազանգի միջոցով Հայցվորի կողմից վերջինիս փաստաբանից որոշ հարցերի պարզումը, չի երաշխավորել վարչական վարույթի մասնակցի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և չի ընձեռնել համապատասխան հնարավորություն անձի համար իր իրավունքներից օգտվելու համար, դրանով իսկ խախտել է Հայցվորի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներով երաշխավորված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։
Ուստի դատարանը վճռեց Կարեն Գասպարյանի հայցը բավարարել։
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 08.12.2011 թվականի թիվ ԱԳ 769145 որոշումը ճանաչել անվավեր։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net