Գույքը ճանաչվել է տիրազուրկ և հանձնվել գույղապետարանին

ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` գյուղապետարան) դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով համայնքի վարչական տարածքով խորհրդային ժամանակներից անցնող տարբեր տրամաչափի 22.000 գմ ոռոգման ջրի մետաղական խողովակները և քանդված պոմպակայանը ճանաչել տիրազուրկ և հանձնել համայնքի սեփականությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Դատարանն ապացուցված է համարում այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի վարչական տարածքով անցնում են ոռոգման ջրի մետաղյա խողովակներ, նույն տարածքում գտնվում է նաև ոռոգման ջրի կիսաքանդ վիճակում գտնվող պոմպակայանի շենքը, որոնք չունեն սեփականատեր, նրանց որևէ մեկի սեփականությունը հանդիսանալու վերաբերյալ փաստական հանգամանքներ դատաքննությամբ ձեռք չեն բերվել, 1980-ական թվականներին ոռոգման ջրագիծ անցկացնելուց և պոմպակայանը կառուցելուց հետո դրանք չեն շահագործվել, թողնվել են անտերության, որի հետևանքով պոմպակայանի շենքը քանդվել է, դարձել իր նպատակային օգտագործման համար ոչ պիտանի: Պոմպակայանի շենքը և ջրագծի խողովակները ներկայումս գտնվում են Մելիքգյուղ համայնքի ղեկավարության տիրապետման և պահպանման ներքո:

Նշված հանգամանքներն ակնհայտ վկայում են սեփականատիրոջ գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին, առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վերը նշվածը հաշվի առնելով` դատարանը հայցը բավարարել է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել