Կառլեն և Զարիկ Մարգարյանները դիմում են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան` իրենց դուստր Մերի Կառլենի Մարգարյանին մահացած ճանաչելու պահանջի մասին` պատճառաբանելով, որ դուստրը ծնվել է 16.02.1979 թվականին, մեկ ամիս անց հիվանդացել է սուր թոքաբորբով, բուժվել է թիվ 4 հիվանդանոցում, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել և նա մի քանի օրից մահացել է: Քանի որ երեխային թողել են հիվանդանոցում և չեն ստացել մահվան վկայական, իսկ թիվ 4 հիվանդանոցի արխիվն էլ տարիներ առաջ քանդվել է, այդ պատճառով դիմել են դատարան` դստերը մահացած ճանաչելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` քաղաքացուն մահացած ճանաչելու դիմումում պետք է նշվեն անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետևանք է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` 1-ին մասի պահանջները չկատարելու դեպքում` դատարանը վերադարձնում է դիմումը:
Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ անհայտ բացակայող քաղաքացուն մահ սպառնացող հանգամանքների առկայության դեպքում դատարանը կարող է քննել քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջ:
Մինչդեռ, սույն դիմումով Կառլեն և Զարիկ Մարգարյանները պատճառաբանել են, որ իրենց դուստրը մահացել է 1979թվականին, ենթադրվում է մարտ ամսին, Երևանի թիվ 4 հիվանդանոցում:
Դատարանը վերոգրյալ փաստարկը չի դիտվել անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանք, որը կարող է հիմք տալ ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետևանք է, ուստի վերադարձրել է դիմումը:
Աղբյուրը` Իրավաբան.net