Էջմիածնի քաղաքապետարանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան պատասխանող «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ից հօգուտ Էջմիածնի քաղաքապետարանի 1.745.513 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Պատասխանող «Լուսինե-Կիլիկա» ՍՊԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության և հողի համար ունի չմարված հարկային պարտավորություններ։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, 16-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ և 13-րդ հոդվածների` պատասխանողի պարտքը Էջմիածնի քաղաքային համայնքի նկատմամբ 14.06.2011թ. դրությամբ գույքահարկի գծով կազմում է 603.000 դրամ, իսկ հողի հարկի գծով` 1.142.513 դրամ։ Խնդրել է «Լուսինե-Կիլիկա» ՍՊԸ-ից հօգուտ Էջմիածնի քաղաքապետարանի բռնագանձել 1.745.513 դրամ, ինչը հայցվորի ներկայացուցիչը պնդեց նաև դատաքննության ընթացքում։
Պատասխանողի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում չի առարկել գույքահարկի և հողի հարկի գծով պարտավորություններ ունենալու հանգամանքի դեմ, այլ միայն խնդրել է «Հարկերի մասին» ՀՀ օրենիքի 30.1-րդ հոդվածի կիրառմամբ հայցը բավարարել մասնակի` միայն վերջին երեք տարիների գումարների մասով, ուստի դատարանն ապացուցված է համարել հայցվորի ներկայացրած փաստերն այն մասին, որ գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինության և հողի հարկով օբյեկտ հանդիսացող հողի համար պատասխանողը Էջմիածնի քաղաքապետարանի բյուջե չի վճարել 603.000 դրամ գույքահարկը, ներառյալ նաև տույժերը, ինչպես նաև 1.142.513 դրամ հողի հարկը, ներառյալ նաև տույժերը, որը ենթակա է բռնագանձման դատական կարգով։
Դատարանը վճռեց Էջմիածնի քաղաքապետարանի հայցը բավարարել` «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ից հօգուտ Էջմիածնի քաղաքապետարանի բռնագանձել 1.745.513 դրամ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ից կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել՝ ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը, և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ողջ ծավալով նոր քննության։
Աղբյուրը` Իրավաբան.net