Արթուրի կյանքն արժեցավ ընդամենը 700 ԱՄՆ դոլլար

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Միքայել Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. օգոստոսի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, այցելելով իր ծանոթ Արթուր Վ.-ին` վերջինիս Նորքի 1 զանգ. Նանսենի X շենքի X բնակարան, դեռևս 2011թ. Արթուր Վ.-ից փոխառությամբ վերցրած 700 ԱՄՆ դոլար պարտք գումարի վերադարձման հարցի շուրջ հյուրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ գաղտնի փականով դանակի բաց շեղբով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին, այնուհետև բնակարանի ննջասենյակում քաշքշուկի ընթացքում` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով 2 անգամ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակին: Հասկանալով, որ նրա ինքնազգացողությունը վատանում է նրան դարձյալ տեղափոխել է հյուրասենյակ և փորձել է դիմել փախուստի, սակայն իր փախուստը կանխելու համար Արթուր Վ.-ի կողմից իր աջ ոտքից բռնելու և վայր գցելու պայմաններում իր դիտավորությունը վերջնական իրականացման նպատակով նույն դանակով հարվածել է Արթուր Վ.-ի պարանոցին, նրան դիտավորությամբ ապօրինի զրկել կյանքից և դիմել փախուստի` բանալիով փակելով Արթուր Վ.-ի բնակարանի դուռը:

Մեղադրյալ Միքայել Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել