Հուլիսի 26-ին, ժամը 5.40-ին, ոստիկանություն զանգած Արևաբույր գյուղի բնակչուհին հայտնեց, որ իրենց տնից գողություն են արել։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Հետաքրքիրն այն էր, որ տունը տակնուվրա արված չէր, դռան փականը սարքին վիճակում էր: Հերքվեց նաև վարկածը, թե տուն են մտել պատուհանից։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ տանտիրուհու որդին նախորդ օրն ընկերուհու հետ այդ տանն էր եղել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ենթադրեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հյուրը։
Ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։
Հուլիսի 26-ին 23-ամյա աղջիկը հայտնաբերվեց մայրաքաղաքում և, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։
Ոստիկանությունում նա խոստովանեց, որ հարդարվելու նպատակով մտել էր ննջասենյակ և պահարանից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց մի մասը վաճառել է, մյուսը իր տանն է։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: