Արամուսի 18 տարի պաշտոնավարած ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել․ համայքնոը նոր ղեկավար կունենա

Հուլիսի 27-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։
Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականանացվեն փոխվստահության ու փոխհամաձանության մթնոլորտում:

Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել