Սեփականությունը կազմում է յուրաքանչյուր հասարակարգի հիմքը: Սեփականության հարաբերությունները բնության բարիքների, աշխատանքի արդյունքների պատկանելության կապակցությամբ առաջացող հարաբերություններ են` տնտեսական հարաբերություններ եվ միայն իրավական նորմերով կարգավորվելուց հետո են վերածվում սեփականության իրավունքի:
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը։ Յուրաքանչյուր ոք օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ունի։ Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ առանձնացրել է սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված որոշակի համակարգային խնդիրներ և առանձնացրել է դրանք արդարացի լուծմանն ուղղված հիմնահարցեր։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:
Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:
Պետությունը պաշտպանում է սեփականության իրավունքը։ Սեփականատերն իրավունք ունի արգելել ցանկացած ներգործություն իր գույքի վրա, բացի օրենքով կամ իր հետ կնքված պայմանագրով նախատեսված գործողություններից։
ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Սահմանված գործողությունների արդյունքում նախատեսվում է սեփականության իրավունքի ենթադրյալ խախտմամբ ՄԻԵԴ ներկայացված բողոքների քանակի նվազում, և սեփականության իրավունքի վերաբերյալ խախտումների և բողոքների քանակի կրճատում: Սեփականության իրավունքի խախտման շրջանակներում հարկ է անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռներին:
Այս հիմնախնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է որոշակի գործողությունների իրականացում 2020-2022 թվականների ընթացքում, սակայն սեփականության իրավունքի հետ կապված փոփոխությունը նախատեսվել է իրականացնել 2021 թվականին։ Ըստ այդմ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Նշված օրենսդրության ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում առաջարկվելու են համապատասխան փոփոխություններ, ինչի միջոցով նախատեսվում է նվազեցնել հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում մարդու սեփականության իրավունքի խախտման դեպքերը, անձանց տրամադրել արդարացի փոխհատուցում սեփականության իրավունքի խախտման դիմաց։
Այս փոփոխությունները միտում ունեն համապարփակ կարգավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը, քանի որ ներկայումս էլ առկա են բազմաթիվ դեպքեր՝ կապված անձանց սեփականության իրավունքի խախտումների հետ։ Մասնավորապես դրանք արտահայտվում են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացներով, ինչն ըստ օրենքի պետք է իրականացվի միայն բացառիկ դեպքերում և կարգով` նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
Սեփականության իրավունքի ապահովումը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 1 նպատակի, այն է՝ «Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով» իրագործմանը:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։