Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։
Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևբար Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վրաչապետի խոսքով, հայկական կողմը երկար ժամանակ հորդորել է չփորձել խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով ու ուժի սպառնալիքով։
«Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադրի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով: Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ Զինված ուժերի Գլխավոր շտաբների մակարդակով:
Միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունն իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով:
Սիրելի հայրենակիցներ,
հարգելի գործընկերներ,
որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել:
«Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ՝ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի, մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ: Եվ մենք կհաղթենք: Որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»,-իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում