Ո՞վ կարող է առանց թույլտվության մուտք գործել ուղղիչ հիմնարկ

Օրենսդիրը որոշ կատերգորիայի անձանց համար սահմանել է արտոնություն` առանց որևէ թույլտվության ուղղիչ հիմնարկներ մուտք գործելու վերաբերյալ:

Եվ այսպես` առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) մարդու իրավունքների պաշտպանը.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.
7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:

Վերոնշյալ կետերով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում Քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

Պատիժը կատարող հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել