«Արթուր-Տաթևիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության 07.02.2012 թվականի թիվ 1001228 ստուգման ակտի 1-ին կետը` շահութահարկին վերաբերող մասը, անվավեր ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.09.2011թ-ի թիվ 1001228 հանձնարարագրով 03.10.2011թ-ից մինչև 20.01.2012թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի ՏՀՏ-ի կողմից «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 07.02.2012թ-ին կազմվել է թիվ 1001228 ստուգման ակտը, որով առաջադրվել է ընկերությանը շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն` 7955313 ՀՀ դրամի չափով` այդ թվում տուգանքներ և տույժեր։
Ստուգմամբ պարզվել է, որ «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ և օգտվում է Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված արտոնությունից։ 2010թ-ի փաստացի շահութահարկի հաշվարկով կազմակերպությունը հարկվող շահույթ է հաշվարկել 30.365.900 դրամ, որն էլ ամբողջությամբ համարելով որպես գյուղ. մթերքի իրացումից ստացված եկամուտ` շահութահարկ չի հաշվարկել։ 2010թ-ին կազմակերպության կողմից կատարվել է ձկան վերամշակում և սառեցում («Սաթֆիշ» ՍՊԸ-ի միջոցով), որից հետո արտահանել է 49.770.000 դրամի ձուկ։ Ստուգմամբ պարզվել է նաև, որ Ընկերությունը արտահանել է սառեցված ձուկ, որը համապատասխանորեն վերամշակվել է «Սաթֆիշ» ՍՊԸ-ի կողմից։ Մասնավորապես 18000կգ ձուկը վերամշակումից հետո կազմել է 15000կգ, ինչը համաձայն դասիչի, հանդիսանում է ֆիզիկական վերափոխման արդյունք։ Ավելին, նույն դասակարգչի C բաժնի (Մշակող արդյունաբերություն) 10 հատվածի 10.20.0 ենթադասը ներառում է ձկնեղենի մշակում` պաղեցում, սառեցում, չորացում, եփում և այլն։
Սույն վեճի պարագայում դատարանը գտել է, որ իրականացրած վարչական վարույթի ընթացքում հարկային մարմինը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները և հաստատված է համարում, որ հարկային մարմինը ինչպես ստուգման ակտով, այնպես էլ դատաքննության ընթացքում որևէ թույլատրելի ապացույցներով չհիմնավորեց այն փաստական հանգամանքը, որ փորերը մաքրված և թեթև սառեցված ձկների վաճառքից «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ի համար օրենքով սահմանված կարգով շահութահարկի հարկային պարտավորություններ են առաջացել։
Ուստի դատարանը վճռել է «Արթուր-Տաթևիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը բավարարել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության 07.02.2012 թվականի թիվ 1001228 ստուգման ակտի առաջին կետը` շահութահարկին վերաբերող մասը, ճանաչել անվավեր։
Ներկայումս գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net