ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից, իսկ ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ինչպես տեսնում ենք, վերը նշված նորմը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում ամուսնալուծվելիս ամուսնության դադարման պահ է դիտում գրանցումը կատարելու պահը, իսկ դատական կարգով ամուսնալուծվելիս` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Այս առումով, կարծում ենք, երկու դեպքում էլ ամուսնության դադարման պահ պետք է դիտել ՔԿԱԳ մարմնում համապատասխան գրառում կատարելու պահը` նկատի ունենալով, որ ամեն դեպքում, անկախ ամուսնության լուծման վայրից և ձևից, պետք է կատարվի պետական գրանցում և քաղաքացուն տրվի ամուսնալուծության վկայական:
Աղբյուրը` Իրավաբան.net