Վիճաբանության ժամանակ հատակից վերցրած գամով հարվածել է Մերուժանի կրծքավանդակին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Փայլակ Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. հուլիսին` ժամը 18.30-ի սահմաններում, «Արծիվ» ռեստորանի մոտ` Սևան քաղաք տանող Երևան-Սևան ավտոճանապարհի աջ հատվածում, երթևեկության վերաբերյալ վիճաբանել և կռվի մեջ է մտել Երևան քաղաքի բնակիչ Մերուժան Մ.-ի հետ, որի ընթացքում գետնից վերցրած գամով դիտավորությամբ հարվածել է վերջինիս`կրծքավանդակի ձախ կեսի շրջանում պատճառելով ծակած, թափանցվող վնասվածք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել