Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են օրենքով:
Այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Օրինակ, եթե պարտքով վերցված գումարը պետք է վերադարձվի մինչև 2013թ. հունվարի 1-ը, ապա գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու եռամյա հայցային վաղեմության ժամկետը սկսվում է 2013թ. հունվարի 1-ից:
Այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:
Հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net