Նախ հստակեցնենք, որ վարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է: Իսկ պատասխանելով հարցին` նշենք, որ վարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:
Վարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, թույլատրվող գործառնությունները: Վարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկը:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում էվարկային կազմակերպությանը:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի ողջ դատական քննության ընթացքում:
Աղբյուրը` Իրավաբան.net