Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:
Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն oգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի): Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը), պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինն ու վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին գրությամբ` պատվիրված նամակով կամ անձամբ հանձնելով, հայտնում է ընկերության մյուս մասնակիցներին:
Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց` նույն պայմաններով և ոչ պակաս այն գնից, որն առաջարկվել էր նրա մասնակիցներին:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության մասնակցի բաժնեմասի (դրա մասի) ձեռքբերման ընկերության նախապատվության իրավունքն այն դեպքում, երբ ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը:
Վերը նախատեսված` գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում ընկերության ցանկացած մասնակից և (կամ) ընկերությունը, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ընկերության նախապատվության իրավունքը, իրավունք ունի 6 ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել անվավեր ճանաչելու այդ գործարքը, սկսած այն պահից, երբ նրանք իմացել են կամ պարտավոր էին իմանալ խախտման մասին:
Բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի զիջում չի թույլատրվում:
Աղբյուրը` Իրավաբան.net