Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գարիկ Կ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 2-րդ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, կոչումով կապիտան, նույն զորամասի հրամանատարի 2012թ. հուլիսի 12-ի թիվ 0238 հրամանի համաձայն` 2012թ. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ն ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ Ավազահանք մարտական հենակետում որպես հենակետի պատասխանատու և հանդիսանալով պետ, մարտական ծառայություն իրականացնող բոլոր զինծառայողների նկատմամբ 2012թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հենակետի դիտախորշում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` վերադաս հրամանատարի կողմից դիտակետում դիտորդի սաղավարտը չկրելու համար դիտողության արժանանալու պատճառով վրեժխնդիր լինելու շահագրգռվածությամբ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն մարտական հենակետի դիտորդ, սերժանտ Գ. Տոնապետյանին` երկու անգամ սաղավարտով՝ այնուհետև չորսից-հինգ անգամ բռունցքներով հարվածներ հասցնելով նրա գլխին, պատճառել նրան ձախ ականջախեցու քերծվածքի, արյունազեղման և գլխի ձախ ճակատագագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այսինքն` Գարիկ Կ.-ի կողմից Գ. Տոնապետյանին ծեծի ենթարկելը ընդհանուր առմամբ դիտվում է որպես էական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net