2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների եւ հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ եւ ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության եւ հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաեւ ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:
Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին եւ, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին: