Համայնքի ղեկավարը համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
Այսպես.
Թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) համայնքի ղեկավարին է ներկայացնում Կառավարության որոշմամբ նախատեսված կարգով սահմանված հայտ:
Թույլտվություն տալու մասին հայտի բավարարումը ձևակերպվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:
Թույլտվություն տալու հետ միաժամանակ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հայտատուից գանձվում է տեղական տուրք:
Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը, որը տրվում է ընթացիկ տարվա համար` վճարման օրվանից (եթե հայտատուի կողմից այլ ժամկետ չի նշվում):
Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված: Թույլտվություն ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է հայտը մուտք լինելու օրվանից 2 օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Սահմանված ժամկետում հայտը չմերժվելու դեպքում այն համարվում է բավարարված:
Նշենք որ թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net