ՊՆ-ն նմուշառման պարագաներ է նվիրատվություն ստացել, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել, որ «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին և հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։ «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։

Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել