Ոստիկանության պարզաբանումը՝ ՍԴ նախկին անդամներին դատարանի շենք չթողնելու մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 3-ին, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ․ «Ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել