Հուլիսի 2-ին պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին:
Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անց են կացվել կանխարգելիչ-ախտահանիչ հակահամաճարակային միջոցառումներ, համահավաք ստորաբաժանումները ապահովվել են բանակում սերնդափոխության գործընթացը պահանջվող չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով զինվորական կյանքին նորակոչիկների արագ հարմարմանը: