«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել կենսաթոշակների վճարման հետ կապված

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել հուլիսի 1-ին։

Փոփոխվել է օրենքի 35-րդ հոդվածը (Կենսաթոշակ վճարելը), որի համաձայն․

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:

– Նախորդիվ նշվում էր, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին կամ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ` Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի հաշվարկային հաշվին փոխանցելն է:

– Նախորդիվ նշվում էր, որ գումարը օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անվամբ ՀՀքաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով) և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու` Կառավարության սահմանած կարգով:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

– Ավելացել է Ազգային օպերատորին դիմելու հնարավորությունը։

 Կենսաթոշակը կանխիկ եղանակով նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

– Ավելացել է Ազգային օպերատորին դիմելու հնարավորությունը։ 

Օրենքի 36-րդ հոդվածում (Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելը) կատարված փոփոխություններն են․

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով, կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված` նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով:

– Նախորդիվ՝ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված` նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա` անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):

Նախորդիվ՝ կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նրա, իսկ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը` սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց դիմումի հիման վրա անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված կենսաթոշակի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Օրենքի 44-րդ հոդվածը (Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը) փոփոխվել է այնպես, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

– Նախորդիվ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

Օրենքի 55-րդ հոդվածի (Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը) համաձայն․

 Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է`

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:

Եթե նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:

Մինչև նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` նախորդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով`

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից.

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից.

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից.

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:

Հարկ է նշել, որ 55-րդ հոդվածով նշված ցանկը հաստատելու մասին նշված բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել