Ե՞րբ կարող է հայցվորը ընտրել, թե որ դատարան դիմել

Օրենսդիրը նախատեսել է մի շարք դեպքեր, երբ հայցվորը ինքը կարող է ընտրել, թե որ դատարան դիմել: Այժմ հերթականությամբ քննարկենք այդ դեպքերը:

Այսպես` տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:

Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան:

Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:

Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:

Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել