«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս Թբիլիսիում

«Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս ԹբիլիսիումՄարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Կանայք ոստիկանությունում» թեմայով կոնֆերանս, որի նպատակն էր բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ կոնֆերանսին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին և միջազգային փորձագետներ:

Կոնֆերանսում զեկույցներով հանդես եկան պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար` ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիամ Գևորգյանը: Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին` նա խոսեց ՀՀ ոստիկանության կազմավորման, վերջին տարիներին համակարգում կատարված արմատական փոփոխությունների, ներկայումս ընթացող բարեփոխումների, այդ շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կազմում նոր ստորաբաժանման ստեղծման, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման մասին:

Կոնֆերանսի օրակարգը բազմազան էր` դասախոսություններ, քննարկումներ, թիմային աշխատանքներ: ԱՄՆ-ից ժամանած միջազգային փորձագետներն օգտագործում էին համակարգչային տեխնիկան պարապմունքներն ավելի գործնական և բովանդակալից անցկացնելու համար:

Կոնֆերանսի ավարտին` մարտի 6-ին, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում մասնակիցներին տրվեցին վկայականներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կոֆերանսը շատ արդյունավետ էր և նոր ծանոթությունների, հետաքրքիր քննարկումների, փորձի փոխանակման հնարավորություններ տվեց: Այդ երեք օրերն անցան ջերմ մթնոլորտում, և հայ ոստիկանները Երևան վերադարձան անմոռանալի տպավորություններով` շարունակելու իրենց ծառայությունը, որին հավատում են:

 

Լուսանկարը՝ police.am-ի
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել