Տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով կեղծ կտրոններ պարունակող խմբաքանակներն ընդունելու, ձևակերպելու և առանձնապես խոշոր չափերի գումարներ ելքագրելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թիվ 0032 փոստային բաժանմունքի աշխատակիցների մասով նախաքննությունը:
Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0032 փոստային բաժանմունքի պետ Մ. Հայրապետյանը և նույն բաժանմունքի օպերատորներ Ն.Արշակյանը, Ռ.Քեխյանը, Մ.Հանոյանը և Է.Ղարիբյանը 2010թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չարաշահել են իրենց լիազորությունները, որի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մ. Հայրապետյանը և նույն փոստային բաժանմունքի հիշյալ օպերատորները, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձնացից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, անհիմն ելքագրել են միլիոնավոր դրամ գումարներ:
Մասնավորապես, Մ. Հայրապետյանը Ն.Արշակյանի, Ռ.Քեխյանիչ, Մ.Հանոյանի և Է. Ղարիբյանի օժանդակությամբ 2010թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում քաղաքացի Ի. Գևորգյանի հանձնած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներն անձամբ և նշված օպերատորների միջոցով ընդունել է տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, դրանք ձևակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և ելքագրել ընդհանուր 11 804 600 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունը կատարելու համար Մ. Հայրապետյանն անձամբ Ի.Գևորգյանից ստացել է առևտրային կաշառք, որից մասնաբաժին է ունեցել նաև օպերատոր Մ.Հանոյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, Մ.Հանոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է. Ղարիբյանին, Ռ. Քեխյանին և Ն. Արշակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 1-ին մասով:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
.Աղբյուրը՝ Իրավաբան. net