Էլեկտրոնային աճուրդ կայացնելու որոշումն իրավաչա՞փ էր

Կ. Թամամյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հարկադիր կատարող Ս.Հակոբյանի 06.04.2012թ. արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.11.2009թ. տրված թիվ ԵՇԴ/0180/02/09 կատարողական թերթի համաձայն` Կ.Թամամյանից հօգուտ Վ.Հովսեփյանի պետք է բռնագանձվեր 1.841.000 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենային պատճառված վնաս և 1.400.000 ՀՀ դրամ, որպես բաց թողնված օգուտ, ընդհանուր` 3.241.000 ՀՀ դրամ։

ԴԱՀԿ Երևանի Շենգավիթի բաժնի հարկադիր կատարող Ս.Հակոբյանի 05.03.2012թ. կայացրած որոշման համաձայն` նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն` որոշելու համար պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բագրատունյաց 17 շենքի, թիվ 70 բնակարանի ներկայիս շուկայական արժեքը։ 06.04.2012թ. հայցվորի կողմից ստացվել է նույն հարկադիր կատարողի որոշումը՝ արգելադրված գույքն էլեկտրոնային աճուրդով վաճառելու վերաբերյալ։ Համաձայն այդ որոշման «որոշեցի» մասի` լոտը (բնակարանը) գնահատվել է 11.890.000 ՀՀ դրամ, որը 8.917.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի։

Հայցվորի խոսքով՝ ինքը չի ծանուցվել, թե երբ է հարկադիր կատարողին ուղարկվել փորձագետի եզրակացությունը, հայցվորը չի ծանոթացվել փորձագետի եզրակացությանը, որի պատճառով էլ զրկված է եղել դրանով որոշված գույքի արժեքը վիճարկելու հնարավորությունից։ Իր գույքը հրապարակային սակարկություններով հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու մասին հայցվորն իմացել է միայն 06.04.2012թ. ստացած որոշումից։

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Ս. Հակոբյանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 06.04.2012թ. որոշման համաձայն` պարտապան Կ.Թամանյանին պատկանող Երևան քաղաքի Բագրատունյաց 17 շենքի թիվ 70 բնակարանը պետք է ներկայացվեր հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ` հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի` harkadir.ajurd.am միջոցով։ Վերը նշված որոշումը 06.04.2012թ. Վ.Հովսեփյանը և Կ.Թամամյանը ստացել են առձեռն։ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողի պարտականություններն են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության, oրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը…։

Վերը նշված փաստական հանգամանքների համադրման և իրավական ակտերի վերլուծության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հարկադիր կատարող Ս. Հակոբյանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը իրավաչափ է, բխում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների պահանջներից, առկա չէ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հարկադիր կատարող Ս. Հակոբյանի 06.04.2012թ. արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք, ուստի ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման։

Դատարանի վճռի հետ համաձայն չլինելով՝ հայցվորը ներկայումս վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել