Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆիզիկական անձը պետք է ունենա ոչ միայն ձեռնարկատիրական ջիղ, գաղափարներ ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլ նաև պետք է հաշվառվի իրավասու պետական մարմնում՝ որպես անհատ ձեռնարկատեր:
Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ նաև այն դեպքում, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.
Քաղաքացու՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը:
Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով:
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն հանձնելու դեպքում դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե անձը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները և հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով:
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում, և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ համադրելու միջոցով:
Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
Սակայն անհատ ձեռնարկատեր դառնալուց առաջ հարկ է հիշել, որ անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում: Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:
Արփինե Եղիկյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net