Հայցվոր Մերի Գինոսյանը 2008 թվականին ամուսնացել է Կորյուն Ենգոյանի հետ: Պատասխանող Տաթևիկ Ենգոյանը Մերի Գինոսյանի ամուսնու քույրն է, իսկ պատասխանող Տիգրան Ենոքյանը` Տաթևիկ Ենգոյանի ամուսինը: Ամուսնությունից հետո Մերի Գինոսյանը ամուսնու հետ բնակվել է ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, իսկ հինգ ամիս հետո մեկնել են ՌԴ՝ Մոսկվա քաղաք, և վարձակալությամբ բնակվել այնտեղ: Պատասխանող Տիգրան Ենոքյանը նույնպես բնակվել է նրանց հետ:
Հայցվոր Մերի Գինոսյանը դատարանում պնդել է, որ 2009 թվականի օգոստոս ամսին պատասխանող Տիգրան Ենոքյանին հետ վերադարձնելու պայմանով Մոսկվա քաղաքում տվել է իր ոսկե զարդերը, նա խոստացել է երկու ժամից դրանք վերադարձնել, սակայն մինչ օրս չի վերադարձրել: Նա նաև հայտնել է, որպատասխանող Տաթևիկ Ենգոյանի մոտ է գտնվում իր երեխայի 9 գրամ քաշով մատանին, սակայն չի ներկայացրել իր պահանջները և փաստարկները հիմնավորող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց:
Հայցվոր Մերի Գինոսյանը չի ապացուցել, որ պատասխանողների հետ գտնվել է փոխառության իրավահարաբերությունների մեջ: Նա չի ապացուցել նաև հայցադիմումում վկայակոչած այլ փաստերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ փոխառության իրավահարաբերությունները կարող են հաստատվել միայն փոխառության գրավոր պայմանագրով, որպիսին հայցվորը չի ներկայացրել:
Դատարանը գտել է, որ հայցադիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից, պարզ չէ, թե ինչ իրավահարաբերությունների մեջ են գտնվել կողմերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որ օրենքի խախտում է թույլտրվել պատասխանողների կողմից, ուստի այն ենթակա է մերժման:
Աղբյուրը՝ Իրավաբան.net