Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55 1-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաև վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:
Իսկ ինչպե՞ս են փաստաթղթերը տրամադրվում գործին մասնակցող անձանց՝ ծանոթանալու համար:
«Այս հարցը կարգավորված չէ օրենքով, փոխարենը փաստաթղթերին ծանոթանալու կարգը հաստատված է ԴՆԽ թիվ 23L որոշմամբ (Դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին)»,-Իրավաբան.net-ին փոխանցեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով՝ դատական գործերին և փաստաթղթերին ծանոթանալու համար դրանք տրամադրվում են դատարանի շենքում նախատեսված հատուկ սենյակում, դատական ծառայողի պարտադիր ներկայությամբ։
Դատական գործերն ուղարկվում են աշխատակազմի ղեկավարի կողմից ուղեկցական գրությամբ, որում նշվում է գործի համարը, անվանումը, հատորների և թերթերի քանակը, ինչպես նաև գործը պարտադիր դատարան վերադարձնելու անհրաժեշտությունը։ Գործի ուղարկման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կարվում են կարգագրում, որի մասին նշում է կատարվում համապատասխան հաշվառման քարտերում և հաշվառման մատյանում։
Դատական գործերում գտնվող փաստաթղթերի բնօրինակները օրենքով սահմանված կարգով ներկայացնողների խնդրանքով կարող են նրանց վերադարձվել գործով վերջնական դատական ակտ կայացնելուց և օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Գործում թողնվում են տրված փաստաթղթերի պատճենները՝ վավերացված դատավորի կամ աշխատակազմի կնիքով։ Գործից փաստաթղթի բնօրինակի ստացման մասին ստացող անձը պետք է ստորագրի գործում թողնված փաստաթղթի պատճենի վրա։ Նշված փաստաթղթերը փոստով առաքվելու դեպքում կատարողը համապատասխան նշում է կատարում գործում թողնված փաստաթղթի վրա, որը կցվում է գործին։ Գործից վերադարձվող փաստաթղթի պատճենը պետք է կարվիգործի այն էջում, որտեղ եղել է բնօրինակ փաստաթուղթը։
Աղբյուրը՝ Իրավաբան.net