Դատարան ելքագրվող փաստաթղթերի «ճակատագիրը»

Բոլոր փաստաթղթերը, բացառությամբ դատական նիստի ընթացքում անմիջապես հանձնվող փաստաթղթերի, առաքվում են դատարանի աշխատակազմի գրասենյակի միջոցով։ Դրանք գրանցվում են համապատասխան ելքի մատյանում։

Ելքագրվող փաստաթղթերը և դրանց պատճենները հանձնվում են գրասենյակ, որտեղ ստուգվում են ելքի համար ստացված փաստաթղթի հասցեագրման ճշտությունը և կից փաստաթղթերի առկայությունը։

Մի քանի հասցեատերերի առկայության դեպքում պետք է նշված լինի այն որոշակի հասցեատերը, որին ուղարկվում է փաստաթուղթը (օրինակ՝ «V» նշանը դնելու միջոցով)։

Գրասենյակի աշխատողը ելքային փաստաթղթի վրա նշում է ելքի ամսաթիվը, հերթական համարը և առաքում հասցեատիրոջը։ Իսկ ելքագրվող փաստաթղթերի պատճենները կցվում են կարգագրին՝ ժամանակագրային կարգով, և/կամ դատական գործին։

Բոլոր փաստաթղթերն առաքվում են փոստային, սուրհանդակային ծառայությունների, դատարանի ցրիչի կամ առձեռն հանձնելու միջոցով։

Փոստային կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով առաքումը կատարվում է պատվիրված նամակներով և պատվիրված հանձնման ծանուցմամբ նամակներով։ Այս դեպքում կազմվում է պատվիրված փոստածանրոցների և նամակների առաքման ցուցակ, որի մեկ օրինակը մնում է դատարանում և ժամանակագրային կարգով կցվում է կարգագրին, իսկ մյուս օրինակը՝ տրվում առաքումն իրականացնող կազմակերպությանը։

Փոստային կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով առաքվելու դեպքում փաստաթղթի պատճենին կամ երկրորդ օրինակին կցվում է համապատասխան անդորրագիր, կամ կատարվում է համապատասխան նշում։

Փաստաթղթերը դատարանի ցրիչի միջոցով կամ առձեռն հասցեատիրոջը հանձնելու ժամանակ գրանցվում են փաստաթղթերի ելքագրման մատյանում և ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրահամապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում նրան։ Այս դեպքում ստացականում կամ պատճենի վրա պարտադիր նշվում է հանձնված փաստաթղթի անվանումը, կից հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, ինչպես նաև ստացողի անունը, ազգանունը, հանձնման ամսաթիվը, անհրաժեշտության դեպքում` նաև ժամը, որը ստորագրվում է ստացողի կողմից, այնուհետև կցվում է փաստաթղթի պատճենին։

Պատասխան ենթադրող ելքագրված փաստաթղթերի կատարող դատական ծառայողները հետամուտ են լինում պատասխանի ստացմանը։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել