Արմավիր քաղաքի բնակիչ Արման Հովհաննիսյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:
Ըստ մեղադրանքի՝ նա 2011թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ծավալել է լիցենզավորման ենթակա շահումով խաղերի գործունեություն` շահագործելով երկու դրամական շահումով ավտոմատներ: Դրա հետևանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի` 5.260.000 դրամի վնաս:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի մասի 1-ին կետով: Արման Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի մասի 1-ին կետ այն է՝ առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի (500.000-1.000.000) չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net