Վտանգավոր անտարբերություն կամ ինչպես հեշտությամբ վարակել մյուսներին։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
«Այս լուսանկարը ֆիքսելուց րոպեներ անց դեղին պայուսակի նույն տեղում մի մարդ նստեց։ Բեռն, ի դեպ, նստարանին էր հայտնվել գետնից։ Ինչպես հետո պարզվեց, սա տեսածս ռիսկերից նվազագույնն էր։ Այս դեպքում վարակը կարող էր անցնել միայն գետնից կպչելով բեռին, այնուհետ’ այդ տեղում նստած մարդու հագուստին։ Ավելի հավանական վտանգների մասին խոսեմ առանց լուսանկար ներկայացնելու, քանի որ տիպված էի լինելու դեմքեր ցույց տալ։
Ինչևէ, անհրաժեշտությունից ելնելով՝ գնացքով Գյումրի էի գնացել։ Վագոնում բացի ինձանից գտնվող 22 ուղևորից 13-ը դիմակ չէին կրում ընդհանրապես։ Մնացած 9-ից 5-ի դիմակը ձևական էր դրված (կամ դնչի տակ, կամ միայն բերանը ծածկած)։ Չգիտեմ, թող ոչ մեկին չթվա, թե գրածս ինքնանպատակ է։ Մոտ օրերս կնոջս վիրահատությունն է, ու պատկերացրեք, եթե ինչ-որ մեկի պատճառով վարակվեմ, և դրա հետևանքով՝ խաթարեմ առանց այն էլ առողջական լրջագույն խնդիր ունեցող մարդու՝ բժշկական այս փուլի ընթացքը։ Դաժան հիվանդության դեմ էսքան պայքարենք ու հանկարծ, մի «թքած ունեցողի» պատճառով ամեն ինչ ջուրը լցվի, վիրահատություն հետաձգվի, կամ որ ամենավատ, բայց հավանական տարբերակում՝ հնարավոր է դրան չհասնի էլ։ Ու այս ամենը մի բախտախնդրի պատճառով։
Վագոնում նստած նման մեկին, ով մի քանի անգամ նախ իր իսկ երեխաների դեմքին փռշտաց, փորձեցի զգոնության կոչ անել, բացատրել, խնդրել, որ դիմակ դնի, մեզ էլ հետը չվտանգի։ Ասածս ընդունեց առնվազն իր անձի ազատության դեմ արված ոտնձգության։ Ասում է «խեղդվում եմ դիմակով»։ Է եղբայր, մենք էլ հետդ խեղդվե՞նք վերջում։ Կամ դու կարող է վերջում գոնե փրկվես, բա մեզ ընչի ես հարվածի տակ դնում։ Ինչ ասեմ,վարկով մեքենա առ, քո մեքենայում ինչքան կարող ես «մի խեղդվի» ու օրը մի քանի անգամ էլ տուգանվի։ Կարճ ասած, Ի՞նչ փակ տարածք, ի՞նչ պարետի որոշում, ի՞նչ օրական արդեն 15 -ի հասած մահերի թիվ, ինչ օրական 500-ի մոտեցող վարակակիրների թիվ… Հիմա դե ասեք, պարետը կամ հարյուրավոր ոստիկանները ի՞նչ կարող են անել էս «հզորներին», ովքեր չեն էլ հավատում պանդեմիային, ովքեր նախ ինքնագիտակցության բարձրացման ու օրենքի առջև միաբանված չինացիներից առնվազն սովորելու լիքը բան ունեն։ Ուղղակի ապշելու անտարբերություն, սոցիալական զրո պատասխանատվություն։ Ու ամենավատն այն է, որ իմ տեսածը ոչ թե պատահականություն էր կամ վարակն անտեսող բազմության՝ մեկ տեղում հայտնվելու զուգադիպություն, այլ ավելի շուտ օրինաչափություն, քանի որ հետադարձ ճանապարհին գրեթե նույն պատկերն էր…
Հ.Գ- Մի հին անեկդոտ կա, որ մեկը գալիս է տուն ու ասում «էսօր տաքսու վարորդին հարիֆացրեցի, փողը տվեցի, բայց չնստեցի»։ Հիմա մոտավորապես էդ համատեքստում մի տարօրինակ երևույթ էլ կա. ոմանց թվում է, թե դիմակը միայն ոստիկանին ցույց տալու ու չտուգանվելու համար են արտադրել։ Գուցե իրո՞ք ժամանակն է սթափվելու…»