ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ ՄԻԵԴ-ի կողմից տրված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ:
-Տիկին Հակոբյան, խնդրում ենք ներկայացնել Ձեր մասնագիտական տեսակետը Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ ՄԻԵԴ-ի կողմից տրված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ:
-Քոչարյանի գործի առնչությամբ տրված խորհրդատվական կարծիքում ՄԻԵԴ-ի ձևակերպումներից ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական Դատարանի այն կազմը, որը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, առհասարակ չի ընկալել Մարդու իրվունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության բովանդակությունը, որովհետև ի թիվս այլի, ուղարկել է հարցեր, որոնք ՄԻԵԴ-ի արձանագրմամբ ուղղակիորեն չեն համապատասխանել 16-րդ արձանագրության չափանիշներին: Խոսքը առաջին և երկրորդ հարցերի մասին է: Ավելին, ասվում է, որ դատարանը կարող էր և վերաձևակերպել հարցերը, բայց ըստ էության, այստեղ չի գտել վերաձևակերպման որևէ հնարավորություն և ըստ այդմ, եզրահանգել է, որ չի կարող պատասխանել առաջին և երկրորդ հարցերին: Այս կապակցությամբ պետք է նշել, որ հատկապես ամոթալի է այն, որ այս հարցերով ՄԻԵԴ դիմածների շարքում է նաև ՄԻԵԴ-ի նախկին դատավորը:
Ինչ վերաբերվում է երրորդ հարցին` «բլանկետային հղում» իրավաբանական տեխնիկայի կիրառությանը, իսկ ավելի կոնկրետ թե՝ արդյոք քրեական օրենսգրքի այն դրույթը, որն այսպես ասած «բլանկետային հղում» ունի Սահմանադրության նորմին, համապատասխան է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի չափանիշներին, ՄԻԵԴ-ը դարձյալ փաստել է հայտնի ճշմարտություն, որ վերացական այդ հարցին հնարավոր չի պատասխանել, և որ ինքնին այսպես ասած «բլանկետային հղում» տեխնիկայի օգտագործումը չի կարող ենթադրել անհամապատասխանություն մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին: Ավելին, Դատարանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի մի շարք պետությունների քրեական օրենսգրքեր պարունակում են դրույթներ, որոնք ունեն այդ «բլանկետային հղումներ»: Ամփոփելով, ինքնին չկա անհամատեղելիություն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, և այս հարցի պատասխանը պետք է կոնկրետացման սկզբունքով տա գործը քննող դատարանը՝ ելնելով ամբաստանյալ Քոչարյանի գործողությունների և անգործության, ինչպես նաև այլ հանգամանքների քննությունից:
Ինչ վերաբերվում է չորրորդ հարցին, թե արդյոք 2009 թվականի փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կարող է հետադարձ ուժ ունենալ, թե ոչ, ապա այստեղ ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դարձյալ արձանագրել է, որ վերացականորեն հնարավոր չէ այդ հարցին պատասխանել և դարձյալ, ըստ էության, ասել է, որ ներպետական դատարանները պետք է քննության առնեն ամբաստանյալ Քոչարյանի գործողությունները, անգործությունը և գործի այլ հանգամանքներ և նոր միայն պատասխանեն այս հարցին: Այս խորհրդատվական կարծիքից ուղղակիորեն հետևում է, որ այս փուլում և այս հարցերով Սահմանադրական դատարանը առհասարակ որևէ անելիք չունի: Այս հարցերի պատասխանները պետք է տա առաջին ատյանի դատարանը՝ գործի քննության շրջանակներում: