Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար:
Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:
Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-ուսանող» փոխհարաբերությունները: Միաժամանակ այս ամենին զուգահեռ կարևոր է Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցումը: