Արսեն Թորոսյանը՝ լավացած քաղաքացիների արյան պլազման օգտագործելու և կրկանավարկի դեպք չարձանագրելու մասին

Կորոնավիրուսի կրկնակի դեպք առողջապահության նախարարությունը չի արձանագրել։

Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Հանրային խորհրդի անդամ Վարդան Մարաշլյանի հարցին։

«Ակադեմիական համաշխարհային հանրույթն աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն և մարդը երկրորդ անգամ, առնվազն մոտակա առաջին մի քանի ամիսներին, չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակաները՝ վիրուսներով պայմանավորված երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ և առաջացնում սովորական հարբուխ և այլն»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ նախարարությունը քննարկում է կորոնավիրուսից լավացած պացիենտների արյան պլազմայի օգտագործման հարցը։ «Անկեղծ ասած, այս առումով նույնպես չկա համատարած և ապացուցողական ճշգրտված բազա, որ դա միանշանակ օգնում է պացիենտներին ու ինչպես է օգնում։ Դա բավական բարդ ու նաև վտանգավոր պրոցես է, բայց մենք հիմա մեր հիվանդանոցներից մեկում զարգացնում ենք արյան ծառայությունը․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում գնելու ենք հատուկ սարքավորումներ՝ պլազմա ստանալու համար, որպեսզի սկսենք դա փորձնական եղանակով կիրառել»,- նշեց առողջապահության նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել