2020թ մայիսի 18-ին` ժամը 15:40-ին, ձախ ծնկան հոդի շրջանի, սրունքի հրազենային վնասվածք, հեմոռոգիկ շոկ ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել նախկինում ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ, որը նույն օրը տեղափոխվել է «Միքայելյանի անվան» վիրաբուժության ինստիտուտ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 43-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. մայիսի 18-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան–Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածի աջակողմյան հողապատ տարածքում 37-ամյա տղամարդը վիճաբանել է Երևան քաղաքի 43-ամյա բնակչի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակել է վերջինիս կենսական ոչ կարևոր օրգանին՝ ոտքին, պատճառել մարմնական վնասվածք և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են հագուստներ, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:
Իրականացած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: