Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության առաջին ծրագիրը՝ մարզերում ձեռք բերվող բնակարանի համար

Երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության  առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:  

Երկու երեխաներ ունենալու դեպքում՝ անշարժ գույքի առավելագույն գինը 30 միլիոն դրամն է, որն կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:

Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10 %-ն է,  առաջնային շուկայից ձեռքբերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:

Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 միլիոն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 միլիոն դրամ։

Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։

Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Նշենք, որ 2020 թ.-ի պետական բյուջեով  նպատակային այս ծրագրերի համար արդեն  նախատեսվել է դրամական աջակցություն 245 շահառուի համար:

Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020 թ-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել