ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:
Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։