28-ամյա երիտասարդն իր և ընկերոջ կանանց զարդերը գրավադրել է, ընկերոջ կինը հայտնել է, թե իրեն կողոպտել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ հափշտակել են իր կրած ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտին Գյումրի քաղաքի բնակչուհին համացանցի միջոցով ծանոթացել է նույն քաղաքի 28-ամյա բնակչի հետ, և նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ: 2020թ. մարտ, ապրիլ ամիսների ընթացքում 28-ամյա երիտասարդը գումար է խնդրել Գյումրի քաղաքի բնակչուհուց, իսկ վերջինս նրան է փոխանցել իրեն պատկանող ոսկյա կախազարդը, շղթան, ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը: 28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել: Գյումրի քաղաքի բնակչուհին, անհանգստանալով, որ 28-ամյա երիտասարդը չի կարողանա գրավադրված զարդերը կարճ ժամանակում վերադարձնել և իր համար վատ հետևանքներ կառաջանան, սուտ մատնություն է կատարել: Վերջինս սուտ ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ կասկածել է իրենց թաղամասի բնակչին, որին ճանաչել է անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ:

2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2020թ. մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել